Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ բողոքն ավելի քան մեկ ամիս է՝ չի քննվում, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները մեկը մյուսի հետևից ինքնաբացարկ են հայտնում, գրել է «Փաստինֆո»-ն։
Ավելի վաղ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը, փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը բողոքարկվել էր՝ դատախազության և Առուշ Առուշանյանի փաստաբանների կողմից, սակայն այս գործով դեռևս որոշում չի կայացվել, ավելին, գործն անգամ չի էլ քննվել, քանի որ պարբերաբար դատական կազմ է փոխվում։
Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ բողոքը երեկ մակագրվել է քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանին, սական նա ինքնաբացարկ է հայտնել, որոշումը՝ ինքնաբացարկի հիմքերի պարզաբանմամբ, ուղարկվել է կողմերին: Նա նաև հայտնեց, որ նախորդ դատավորը ևս ինքնաբացարկ էր հայտնել։