Դատավորներին չպետք է հետապնդի ՀՀ արդարադատութ...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։

Դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ միջնորդության դեմ առարկում են ամբողջությամբ և գտնում, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ենթակա է մերժման։ Դատավորի ներկայացուցիչները պնդում են՝ դատավոր Զարուհի Նախշքարյանը խախտում չի կատարել, առկա չեն եղել հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածներ առաջացնել դատավորի անկողմնակալության, անաչառության վերաբերյալ և կվկայեն այն մասին, որ դատավորը որպես կողմ հանդես եկող հայցվորի օրինական ներկայացուցիչ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ուներ։

Դատավոր Զարուհի Նախշքարյանն ինքը նշեց, որ իր խոսքը վերաբերել է գործադիր իշխանությանը, ուղղված չի եղել ՀՀ վարչապետին բացառապես, ուղղված է եղել տարբեր պաշտոնատար անձանց։

Նշենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանը հրապարակային խոսքում հայտարարել էր, որ իր համար վիրավորական է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դատավորների հասցեին՝ «վնգստացող» դատավորներ և այլ հայտարարությունները։ ԲԴԽ անդամների հարցապնդմանն ի պատասխան Սիրանուշ Սահակյանն էլ ընդգծեց, որ ստացվում է մեր դատական իշխանության բոլոր ներկայացուցիչները վիրավորվել են և իրենք զրկված են եղել դրան որևէ կերպ արձագանքելու իրավունքից, հետևաբար՝ հարցը պետք է բարձրացնել այլ երկրների ատյաններում։

Ներկայացնելով միջնորդության վերաբերյալ առարկությունները՝ Սիրանուշ Սահակյանն էլ նշեց՝ դատավոր Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից, որը շահագրգիռ կողմ էր, քանի որ դատավոր Նախշքարյանն ավելի վաղ մերժել էր վերջինիս հայցադիմումը;

Մեջբերելով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունները՝ դատավորների նկատմամբ իրականացվող վեթինգի, այդ ամենում ԲԴԽ դերի վերաբերյալ, փաստաբանը մտահոգություններ հայտնեց նաև ԲԴԽ անկողմնակալության վերաբերյալ, նշեց՝ Հանրապետության վարչապետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք շահագրգիռ են սույն գործով։ Բացի այդ՝ ԲԴԽ առնվազն գիտնական անդամներն ընտրվում են Խորհրդարանի կողմից, հետևաբար, ըստ փաստաբանի, առկա է վտանգ քաղաքական հնարավոր ազդեցության, ԲԴԽ անդամներից ոմանք կարող են լինել ավելի զգայուն։

Ամփոփիչ ելույթում դատավոր Զարուհի Նախշքարյանը նշեց, որ 9 ամիս գործը գտնվել է իր վարույթում և այդ ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է այսպես կոչված անկողմնակալ դիտորդներին, որոնք կարող են կասկածներ ունենալ դատավորի անկողմնակալության վերաբերյալ, ապա դատավորը հիշեցրեց, որ իր դեպքում այդ «անկողմնակալ դիտորդները» Ստյոպա Սաֆարյանն է, Նիկոլ Փաշինյանը, Ռուստամ Բադասյանը, Կարեն Անդրեասյանը։
Նախշքարյանը գտնում է, որ իր նկատմամբ հարուցված երեք վարույթներն ապացուցում են, որ դրանք հարուցվել են համարձակ որոշումների համար։

«Դատավորներին չպետք է հետապնդի ՀՀ արդարադատության նախարարի ուրվականը»,֊նշեց Նախշքարյանը՝ հավելելով, որ դատավորները պետք է շարունակեն կայացնել որոշումներ և դրանք երբեք չհամաձայնեցնել որևէ մեկի հետ, ինքը շարունակելու է կայացնել որոշումներ՝ իր խղճով։

Նրա խոսքով՝ եթե վեթինգը գալու է այս տեսքով, ապա դրանք պատրանքային են և այլ նպատակներ են հետապնդում։

Լսելով կողմերի դիրքորոշումը՝ ԲԴԽ֊ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29֊ին՝ ժամը 15։10֊ին։