Դատավորին ինչ-որ «խողովակներով» հասկացրել են,...

«Որոշումը սպասելի էր. գործն ակնհայտ իրավական չէ, քաղաքական է»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության անդամ Արամ Ավետիսյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալաքի տակ  թողնելու որոշմանը:

Ըստ քաղաքագետի՝ ՀՀ երկրորդ նախագահը հետապնդման է ենթարկվում քաղաքական մոտիվներով, ՀՀ վարչապետի վրեժխնդրության արդյունքում.«Հայտնի ձայնագրություններն էլ բոլորիս ևս մեկ անգամ ապացուցում են, որ գործ ունենք զանգովի արդարադատության հետ, իշխանությունը ճնշում է դատավորներին»: 

Արամ Ավետիսյանն ասում է՝ ՄԻԵԴ-ն էլ է հայտարարել, որ կալանքը հիմնավորված է միայն նախնական փուլում.«Միայն այդ ժամանակ հավանականություն կա, որ քննությունը կխոչընդոտվի, իսկ այս փուլում, երբ նախաքննությունն ավարտվում է, կալանքի տակ պահելը ևս մեկ անգամ ապացուցում է գործի քաղաքական լինելը: Դատավորին ինչ-որ խողովակներով հասկացրել են, որ պետք է գործն այսպիսի ընթացք ունենա»:  

Քաղաքագետն անհասկանալի է համարում նաև, որ «Մարտի 1-ի գործ»-ով կալանավորված է միայն Ռոբերտ Քոչարյանը. Լևոն Տեր-Պետրոսյանը չկա, Ալիկ Արզումանյանը չկա, մյուսները չկան:

Հիշեցնենք՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: