Դատարանը վճռեց Ավետիք Չալաբյանի ազատությունը...

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ կայացրեց դատավճիռ։

Դատարանը վճռեց՝ Չալաբյանի ազատությունը սահմանափակել 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։

Դատարանն արգելեց նաեւ Չալաբյանին՝ մասնակցել հավաքներին եւ այլ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության վայրը փոփոխել։

Դատարանն Էմմա Սարգսյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մասի հանցանքում և դատապարտել տուգանքի՝ տասնհինգապատիկի՝ 3 միլիոն 670 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է անձանց հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու մեջ:

2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 դրամ գումար: Գործով մեղադրանք էր առաջադրվել Ավետիք Չալաբյանին և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանին: