Առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Շիրակի թեմի առաջնորդի փաստաբաններն այսօր վերաքննիչի խնդրեցին վերացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը, այս մասին փոխանցում է Ազատությունը:
Փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին ներկայացրեց Շիրակի հավատացյալների դիմում խնդրանքը Սրբազանին ազատ արձակելու և, հետևաբար, պատարագներին մասնակցելու վերաբերյալ։
Փաստաբանների խոսքով, լրացել է պատժի կրման մեկ երրորդը, իսկ սա նոր հանգամանք է վերացնելու տնային կալանքը։ Մյուս կողմից էլ, անազատության մեջ արքեպիսկոպոսը դրսևորել է պատշաճ վարքագիծ, սա ևս նրան ազատ արձակելու հիմք էր, ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Դատախազը սակայն, խափանման միջոցը փոխելու որևէ հիմք չգտավ։
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը, բայց թույլատրեց Սրբազանին ներկա գտնվել պատարագներին։
Միքայել Սրբազանն 8-ամսյա կալանքից հետո մեկ ամսից ավելի է տնային կալանքի տակ է։
Իշխանությունը զավթելու կոչի համար մեղադրվող բարձրաստիճան հոգևորականը չի ընդունում մեղքը, հետապնդումը համարում է քաղաքական։



