Դատարանը նախկին սենատոր Մենենդեսին դատապարտել...

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախկին սենատոր Բոբ Մենենդեսը չորեքշաբթի դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառք, ներառյալ ոսկու ձուլակտորներ ստանալու համար, հայտնում է golosameriki.com-ը: 

Դաշնային դատավոր Սիդնի Սթեյնը պատիժը նշանակել է Մանհեթենի դաշնային դատարանում լսումների ժամանակ։ 71-ամյա Մենենդեսն իրեն մեղավոր չի ճանաչել և հայտարարել է, որ բողոքարկելու է վճիռը: Նախկին սենատորի փաստաբանները դատարանին խնդրել են նրան դատապարտել 2 տարի 3 ամսից ոչ ավելի ազատազրկման՝ պատճառաբանելով տարիքը, պետական ​​ծառայության տարիները, բարեգործական աշխատանքը, նվիրվածությունը ընտանիքին, ֆինանսական ու մասնագիտական ​​վնասը։

Մենենդեսը, երբեմնի հզոր դեմոկրատը, որն ավելի քան 18 տարի ներկայացնում էր Նյու Ջերսի նահանգը Սենատում, 2024 թվականի հուլիսին մեղավոր էր ճանաչվել բոլոր 16 հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերության և խարդախության համար: Նա դարձել է առաջին սենատորը, որըդատապարտվել է որպես օտարերկրյա գործակալ:

Ըստ դատարանի՝ Մենենդեսը նպաստել է Եգիպտոսին ռազմական օգնության տրամադրմանը, աջակցել Կատարին և միջամտել իր հետ կապված գործարարների վերաբերյալ դատական ​​գործընթացներին՝ այդ ծառայությունների համար ստանալով ոսկու ձուլակտորներ, կանխիկ և Mercedes-Benz մեքենա:

«Մենենդեսը, որը երդվել էր ներկայացնել Միացյալ Նահանգների և Նյու Ջերսի նահանգի շահերը, փոխարենը կաշառքի դիմաց վաճառքի է հանել իր բարձր պաշտոնը», - ասվում է դատական ​​փաստաթղթերում:

Նա Սենատից հեռացել է 2024 թվականի օգոստոսին։