Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Ադյանն այս պահին դեռևս կալանքի տակ է, քանի որ չի լրացել նրա նկատմամբ գործի նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը: Այդ ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, որից հետո Սամվել Ադյանը պետք է ազատ արձակվի: Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
Նշվում է, որ դատարանն Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը մերժել է ապրիլի 18-ին: Նույն օրը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ Դատախազությունը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հատկանշական է, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել: Ինքը՝ Սանասարյանը, լրագրողների հետ զրույցում Ադյանի ցուցմունքից մանրամասները չի հայտնել, սակայն հաստատել է, որ առերեսվել է նրա հետ:
Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ նախօրոք հարցաքննված երկու անձանց միջև առերեսում է կատարվում, եթե նրանց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:
Այսինքն` հավանաբար Դավիթ Սանասարյանի և Սամվել Ադյանի ցուցմունքներում էական հակասություններ կան:
Հիշեցնենք, որ Սամվել Ադյանն անցնում է ԱԱԾ-ում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով:
Նույն քրեական գործի շրջանակներում օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Վերջինս հայտարարում է, որ իր դեմ գործը շինծու է:



