Դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունից ներկայացված միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Երեկ տեղեկացվել էր, որ Տ․ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։
Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Տ․Խաչատրյանը հունիսի 19-ին ժամը 20․30-ի սահմաններում իրեն պատկանող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու և այդ կերպ հանդուգն վարքագիծ դրսևորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարևանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը և հեռացել դեպքի վայրից:
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- նշվում է հայտարարությունում։