Դատապարտյալների երկարատև բուժումը կկազմակերպվ...

Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց Քրեակատարողական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնց նպատակն է կարգավորել երկարատև բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալների բուժման կազմակերպումը։ Փոխնախարարը հայտնեց, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դադարեցվել է Արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեությունը։ Դրա փակմամբ պայմանավորված՝ նշված գործառույթը այսուհետ իրականացվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող նորաբաց բժշկական ստորաբաժանման միջոցով։

Գևորգ Քոչարյանի խոսքով՝ գործող իրավակարգավորումների համաձայն երկարատև բուժօգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալները նախկինում տեղափոխվում էին բուժական քրեակատարողական հիմնարկ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սակայն վերջինիս գործունեության դադարեցմամբ առաջացել է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն։

«Նախագծով առաջարկվում է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվեն այն քրեակատարողական հիմնարկ, որտեղ տեղակայված է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումը»,– նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այս փոփոխության հիմնական տրամաբանությունն այն է, որ բժշկական օգնությունը կազմակերպվի առավել օպերատիվ և արդյունավետ ձևով՝ հենց քրեակատարողական հիմնարկի տարածքում կամ անմիջական հարևանությամբ։

«Այդ կերպ նվազագույնի կհասցվեն լոգիստիկ տեղափոխման անհրաժեշտությունները, իսկ բուժօգնությունը կլինի ավելի հասանելի և արագ»,-ընդգծեց Քոչարյանը։

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ կառավարության տեսլականում կա հետագայում այլ քրեակատարողական հիմնարկներում ևս երկարատև բուժման հնարավորություններ ստեղծելու ծրագիր՝ փոքր ծավալներով, սակայն ներկայում նման հնարավորություններ առկա են միայն Արմավիր ՔԿՀ-ում։