Դատախազությունը բողոքարկել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի նկատմամբ կալանքը վերացնելու մասին որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է շարունակել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի մասով ֆեյսբուքյան օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» էպոպեան՝ բողոքարկելով Արա Սաղաթելյանի կալանքը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Նշված բողոքը որքանով սպասելի էր Արա Սաղաթելյանի փաստաբանական թիմի համար, այնքան էլ անհասկանալի իրավունքի եւ օրենքի տեսանկյունից։
Անհասկանալի էր, քանի որ վերաքննիչ քրեական դատարանի հիմնավոր եւ պատճառաբանվածության բարձր աստիճան ունեցող դատական ակտը բավարար էր բացահայտելու սույն քրեական գործով ԱԱԾ քննչական վարչության իրականացված անհեթեթ եւ VPN-ի ու IP-ի վերաբերյալ տարրական պատկերացում չունեցող գործի քննությունը։
Սակայն սպասելի էր, քանի որ վերջին երեք տարվա ընթացքում որեւէ հնչեղ քրեական գործով անձի նկատմամբ քրեական հետապնդելու հարուցելու, նրան ամեն գնով կալանավորելու քննչական մարմինների եւ դատախազության ձգտումները որեւէ կերպ պայմանավորված չեն օրենքով կամ քրեական գործով ձեռք բերված ապացույցներով, այլ բացառապես իշխող քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի՝ այդ անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։
Իսկ Արա Սաղաթելյանի կողմից վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների հանդեպ հնչեցրած խիստ, բայց միանշանակ արդարացի քննադատությանը որեւէ այլընտրանք չեն թողնում Նիկոլ Փաշինյանի եւ դատախազության համար, քան շարունակել ամեն գնով Արա Սաղաթելյանին ազատությունից զրկելու փորձերը։
Հ.Գ. Իսկ որոշ պաշտոնատար անձինք դեռ շարունակում են պնդել, թե իբր "օգտագործՎող չեն, օգտագործող են»,- գրել է նա։
Նշենք, որ Արա Սաղաթելյանը մեղադրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյքի գործով։ Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։
Նշենք, որ այդ գործով մեղադրյալ կարգավիճակ ունեն Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը եւ քաղաքացի Արամ Սարգսյանը։ Այդ գործով կալանքի տակ է գտնվում նաեւ Արամ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։ Դատարանն արձանագրել էր, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը եղել է ոչ իրավաչափ, բայց այդուհանդերձ նրան կալանավորելու որոշում կայացրել։
Մարտի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը եւ նրան ազատ արձակելու որոշում կայացրել։



