Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների արդյունքները:
Ի լրումն Գլխավոր դատախազության՝ 2026 թվականի հունիսի 7-ի հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում:
599 հաղորդումներից՝
- 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
- 349 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
- 14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:
- Պատգամավորի 13 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 12-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում: Ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն:
- Անանուն հաղորդում ներկայացնելու azdararir.am կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում:



