Մենք ունենք մի պրակտիկա՝ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում են կամ կանխատեսում են հանգուցալուծումը հնարավոր լիազորությունների դադարացման տեսքով՝ սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից: Սա լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է, մեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր: Այս դատական գործերի ժամկետների մասին քննարկման ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որոնք դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա նույն դատավորներին համալրել դատավորների շարքերն ապագայում: Մենք ունենք խնդիր իրավունքների չարաշահման համատեքստում: Սիրելի դատավորներ, դուք ունեք այդ գործիքակազմը, որպեսզի պատասխանատվության կարողանաք ենթարկել իրավունքի չարաշահում թույլ տված դատավարության կողմերին»,- նշել է նա:
Անդրադառնալով դատավորներին՝ Գալյանը նշեց, որ դատական իշխանությունն այն իշխանությունն է, որի դեպքում պետք չէ մտածել «վատամարդ չլինելու» կամ սոցիալական կապերը վտանգելու մասին. «Ձեր ձայնը լսելի դարձրեք և պետության, և քաղաքացիների համար, օգտվեք ձեզ ընձեռնված օրենսդրական հնարավորություններից՝ մատնացույց անելու պետական մյուս մարմինների թերացումները»:
Ամփոփելով իր խոսքը՝ արդարադատության նախարարը նշեց, որ որոշում է կայացվել յուրաքանչյուր դատավարության համար ունենալ օրենսդրորեն սահմանված հստակ ժամկետ: Սա որոշվել է, որպեսզի լինի հստակություն դատավարության բոլոր մասնակիցների համար, թե որքան կարող է տևել դատական գործի քննությունը մեր երկրում: Եթե այդ ժամկետները երկարացվում են, երկարացվեն՝ պատճառաբանված տարբերակով. «Եթե դրանք չլինեն պատճառաբանված, ապա խնդիր է առաջանալու գնահատել դատավորի վարքագիծը կարգապահության տեսանկյունից: Ավելի լավ տարբերակ՝ քան դա է, մենք մտածել չենք կարող»:



