Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները, որոնք պահանջում են մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրաբյանի հրաժարականը, քիչ առաջ հանդիպել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հետ, հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի ներկայացոիցիչներ։
Հանդիպումից հետո ծնողներից Նունե Արզումանյանը լրագրողներին հայտնեց. «Մեզ հետ հանդիպումից հետո հիմա իրենք դայակների, դաստիարակների հետ էլ առանձին պետք է հանդիպեն, նաև տնօրենի հետ։ Մեզնից նոր բաներ լսեցին, գրառեցին իրենց մոտ, իրենք իրենց կարծիքը կասեն վերջում։ Հիմա սպասում ենք։ Տպավորությունը վատ չէր, նորմալ խոսեցինք, հարցը բարձրաձայնեցինք։ Ասացին՝ այո, խնդիրներ կան, իրենց հետ էլ կխոսենք, նոր վերջում կասենք, թե ինչ լուծում կտանք»։
Մեկ այլ ծնող՝ Աննա Կիրակոսյանն ասաց. «Մենք ոտքի ենք կանգնել, երբ որ իմացել ենք, որ մեր դաստիարակները, ամբողջ աշխատակազմը հեռացման դիմում է գրել։ Եթե դիմումները տեսնեք, այնտեղ ամեն ինչ պարզ է, իսկ դիմումները ոչ մեկ չի տեսել»։
Մեկ ուրիշն էլ կարծիք հայտնեց, որ իր տպավորությամբ վարչական շրջանի ղեկավարն ուզում է «բարիշացնել» կողմերին. «Բայց ոչ մի դայակ, դաստիարակ իր ինքնասիրությունը չի ոտնահարի։ Ինքը հենց այս պահին կոպտում է դայակ, դաստիարակներին»։



