Դանիել Իոաննիսյանը պարտավորվել է հայտարարել,...

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Երեմ Եսոյանի, որոշել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանին պարտավորեցնել հերքում հրապարակել Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանի մասին հերյուրանքներ տարածելու առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ դատարանը հայցը բավարարել է մասնակի. Դանիել Իոաննիսյանին պարտավորեցնել զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ հերքել Բաբկեն Ղազարյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունը՝ հրապարակելով հերքման տեքստը հետեւյալ բովանդակությամբ.

«Հերքում

Ես՝ Դանիել Իոաննիսյանս, հերքում եմ 2019թ. մայիսի 22-ին Մեդիա Կենտրոնում «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ու՞մ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, ինչպես նաեւ 2019թ. մայիսի 25-ին www.livenews.am կայքին լրագրողին տված հարցազրույցի ընթացքում հայտնածս տեղեկությունները, որոնք վերաբերվել են Բաբկեն Աշոտի Ղազարյանի՝ քրեական հեղինակություն հանդիսանալուն, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ սերտ համագործակցությանը եւ հայտնում եմ, որ դրանք կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ են»:

Դատարանը նաեւ վճռել է Դանիել Արայի Իոաննիսյանից հօգուտ Բաբկեն Աշոտի Ղազարյանի բռնագանձել 200 000 ՀՀ դրամ` որպես զրպարտության միջոցով անձի պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, 8000 ՀՀ դրամ` որպես բավարարված պահանջներին համապատասխան նախապես վճարված պետական տուրքի գումար եւ 100 000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

Բաբկեն Աշոտի Ղազարյանի՝ մնացած՝ 1 800 000 ՀՀ դրամ որպես զրպարտություն համարվող տեղեկության հերքման համար նյութական վնասի փոխհատուցման եւ 200 000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների բռնագանձման պահանջների մասով հայցը մերժվել է: