
Դանիան վեց ամսով Լեհաստանից ստանձնել է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը։ Այս մասին հայտնում է ԵՄ խորհուրդը։
««Ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» կարգախոսի ներքո դանիական նախագահությունը կաշխատի անվտանգ, ինչպես նաև մրցունակ և կանաչ Եվրոպայի համար։ Դանիան ութերորդ անգամ է ստանձնում Խորհրդի ռոտացիոն նախագահությունը, այս անգամ՝ Լեհաստանի և Կիպրոսի հետ նախագահական եռյակի կազմում», - նշված է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
Վերջին անգամ Դանիան Եվրոպական միության խորհրդում նախագահել է 2012 թվականի առաջին կեսին։
ԵՄ հարցերով նախարար Մարի Բյերի խոսքով՝ Դանիան «ստանձնում է ԵՄ նախագահությունը նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ»։
«ԵՄ նախագահության համար կառավարության առաջնահերթությունները ուշադիր ընտրվել են՝ Եվրոպայի առջև ծառացած սուր մարտահրավերներին արձագանքելու համար։ Խոսքը վերաբերում է Եվրոպային մինչև 2030 թվականը պաշտպանելու կարողության ապահովմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է բարձրացնել Եվրոպայի մրցունակությունը։ Ահա թե ինչու Եվրոպայի պաշտպանության ամրապնդումը և ծանր կանոնակարգերի վերացումը` միաժամանակ աջակցելով կանաչ անցմանը, ԵՄ-ի դանիական նախագահության ամենակարևոր առաջնահերթություններից երկուսն են», - ասել է նա մամուլի ասուլիսում։
ԵՄ խորհրդում իր նախագահության ընթացքում Դանիան կհյուրընկալի տասնյակ ֆորումներ՝ ԵՄ երկրների ղեկավարների մասնակցությամբ: Նախատեսված են 15 ոչ պաշտոնական նախարարական հանդիպումներ, փորձագիտական խորհրդակցություններ և երկու գագաթնաժողով:
Խորհրդի նախագահության համար ընտրություններ չեն անցկացվում. յուրաքանչյուր երկիր հերթականությամբ նախագահում է խորհուրդը։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամ պետություն՝ անկախ նրանից մեծ է, թե փոքր, նախագահում է խորհրդում։
Այսպիսով՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անդամ պետությունը դառնում է ԵՄ խորհրդի նախագահ և նպաստում է ԵՄ օրենսդրական գործընթացի սահուն ընթացքի ապահովմանը։