Դանիայի իշխանությունները կարող են 15-ից ցածր տարիքի երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելք սահմանել արդեն 2026 թվականի կեսերից:
Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Գործակալությունը, վկայակոչելով Դանիայի թվայնացման նախարար Կարոլին Սթեյջին, սեպտեմբերին հայտնել էր, որ Դանիայի կառավարությունը համաձայնեցրել է 15-ից ցածր տարիքի դեռահասների համար սոցիալական ցանցեր մուտքի արգելքը:
«Դանիայի կառավարության պլանները կարող են ուժի մեջ մտնել արդեն 2026 թվականի կեսերին», -ասվում է հրապարակման մեջ:
Ինչպես նշում է գործակալությունը, քննարկվող միջոցառումը կարող է որոշ ծնողների իրավունք տալ իրենց երեխաներին թույլատրել սոցիալական ցանցերից օգտվել 13 տարեկանից:
Ավելի վաղ 16-ից ցածր տարիքի անձանց համար Facebook, Threads, Snapchat, TikTok, X, YouTube, Reddit, Kick և Twitch սոցիալական ցանցերի օգտագործման արգելք էր սահմանվել Ավստրալիայում: Այն սոցցանցերի ղեկավարներին, որտեղից չեն հեռացվի երեխաների և դեռահասների պրոֆիլները, սպառնում են մինչև 50 միլիոն ավստրալական դոլարի (շուրջ 33 միլիոն ԱՄՆ-ի դոլար) չափով տուգանքներ:



