Դա նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիան...

Հայաստանի կառավարության համար անսպասելի է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակ կներկրվի Հայաստան:

Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես, իհարկե, չգիտեմ, թե այդ գնացքը Ղազախստանից ուր է հասել, բայց գիտեմ, որ առաջիկա օրերին արդեն կհասնի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան: Դա նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումն իրականություն է: Կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, որն այդ որոշումը կայացրեց: Այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ: Մենք գիտեինք, որ կա ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա, բայց մեր ընկալումը եղել է մեկ գնացքի մասին: Եվ այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, մեզ համար անսպասելի էր»,- ասաց Փաշինյանը: 

Վարչապետն ընդգծեց՝ սա այն դեպքերից է, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան: 

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,-  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Իլհամ Ալիևը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել էր, որ Հայաստանը վերացնում է Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ իր տարածքով բեռնատարների տարանցման արգելքը: