![Ցուկերբերգն այցելել է Սպիտակ տուն. ինչի մասին...](/imgs/posts/medium/2025/02/43e93d0.jpeg)
Meta-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հինգշաբթի այցելել է Սպիտակ տուն։ Նա քննարկել է տեխնոլոգիական առաջնորդությունը, մասնավորապես՝ դրա պաշտպանությունն ու առաջխաղացումը Միացյալ Նահանգներից դուրս, հաղորդում է Associated Press-ը:
Այցի մասին համապատասխան տեղեկությունն X սոցիալական ցանցում հրապարակել է Meta-ի ներկայացուցիչ Էնդի Սթոունը՝ պարզաբանելով, թե ինչի մասին է խոսել Facebook-ի հիմնադիրներից մեկը Սպիտակ տանը։
«Քննարկվել է, թե ինչպես Meta-ն կարող է օգնել վարչակազմին պաշտպանել և առաջ մղել ամերիկյան տեխնոլոգիական ղեկավարությունն արտասահմանում», - ասվում է հայտարարության մեջ:
AP-ն իր հերթին հիշեցրել է, որ Ցուկերբերգը վերջերս փորձել է շահել Թրամփի բարեհաճությունը։ Հատկանշական է, որ անցյալ ամիս նրա ընկերությունը 25 միլիոն դոլար է վճարել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հայցը լուծելու համար, ով պնդում էր, որ իր սոցիալական մեդիայի հաշիվներն անարդարացիորեն կասեցվել են 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումից հետո: Բացի այդ, Ցուկերբերգը ներկա է գտնվել Թրամփի երդման արարողությանը եւ եղել է երդմնակալության ընդունելության կազմակերպիչներից մեկը։
Հրատարակությունը նշել է, որ Meta-ն բազմամիլիոն դոլար է ներդնում արհեստական ինտելեկտի զարգացման համար, իսկ Ցուկերբերգն ասել է, որ իր ընկերությունն ի վիճակի է արդյունավետ հարաբերություններ հաստատել ԱՄՆ կառավարության հետ։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը տեսաուղերձ էր ձայնագրել։ Դրանում նա ներողություն խնդրեց Facebook-ում գրաքննության համար և հայտարարեց հարթակներում խոսքի ազատության ընդլայնման պլանների մասին՝ Թրամփի վարչակազմի աջակցությամբ։