Աժ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«ԱԺ-ն պետք է հայտարարություն անի ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով: Հրատապ նիստ գումարելու նախաձեռնությունն արդեն մուտք ենք արել, այն հավանաբար տեղի կունենա նոյեմբերի 12-ին»,- ասաց նա:
COP29-ին մասնակցելուց առաջ, ըստ Սաղաթելյանի, ՀՀ-ն պետք է նախապայման դնի Ադրբեջանի առաջ, այն է՝ ազատ արձակել Բաքվում պահվող ռազմագերիներին և այլ պատանդառված անձանց:
«Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի նախաձեռնած այդ միջազգային շոուին, եթե մենք դեռ Բաքվում ունենք ռազմագերիներ և պատանդառված անձինք: ՀՀ հիմնական և գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարևոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որոնք գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիա, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտում, ցեղասպանություն, նաև Ադրբեջանի զորքերի գտնվելը ՀՀ սուվերեն տարածքում»,- շեշտեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ մասնակցի COP29-ին, հերթական անգամ կլեգիտիմացնի ադրբեջանական ագրեսիան, Արցախի էթնիկ զտումը և այն ապօրինությունը, որն այս պահին կա՝ հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գտնվելը Բաքվում: