ՃՇՀԱՀ-ում աշխատաժողով է անցկացվել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, հանդիսանալով Հայաստանում գեոդեզիստների պատրաստման լոկոմոտիվը, Գեոդեզիայի միջազգային օրվա առթիվ կազմակերպել էր մասնագիտական աշխատաժողով։  

Ինչպես հայտնում է ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, աշխատաժողովին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

«Հայաստանը ոլորտում դարձել է ավելի մրցունակ, ավելի բովանդակային, ինչն արտահայտվում է ոչ միայն պետական և կրթական հիմնարկներում, այլ նաև մասնավոր հատվածում։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ժամանակակից շինարարությունը, քաղաքաշինությունը և հողային հարաբերությունների կառավարումը հնարավոր չեն առանց ճշգրիտ գեոդեզիական չափումների»,- ասել է Թովմասյանը:

Սուրեն Թովմասյանը  ներկայացրել է նաև իր տեսլականը ոլորտի առկա մարտահրավերների, զարգացման հնարավորությունների վերաբերյալ, որից հետո պատասխանել է ուսանողների հարցերին։

Կարևորելով գեոդեզիայի դերը  երկրի տնտեսության զարգացման գործում՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը  շնորհավորել է   գեոդեզիստներին իրենց մասնագիտական տոնի առթիվ՝  մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

«Կրթական ծրագրերի զարգացման և արդիականացման նպատակով Կադաստրի կոմիտեի հետ իրականացնում ենք համատեղ աշխատանքներ, ինչը կիրառական տեսակետից նոր շունչ է հաղորդում կրթությանը, ինչպես նաև հետազոտական և գիտական աշխատանքներին։ Այս աշխատաժողովը լավ հարթակ է ոլորտի գիտական միտքը մեկտեղելու, մասնագիտական հարցերի լայն քննարկման, պետական ծրագրերի ներկայացման համար»,- նշել է ռեկտորը։

Մարտի 21-ին նշվում է Գեոդեզիայի միջազգային օրը, որի նպատակն է ընդգծել գեոդեզիայի հիմնարար դերը գիտության, տնտեսության և երկրների զարգացման գործընթացներում։

ՃՇՀԱՀ-ի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնը, ունենալով գրեթե մեկդարյա պատմություն, շարունակաբար զարգանում է՝ պահպանելով մասնագիտական ավանդույթները և ներդնելով ժամանակակից մոտեցումներ։ Վերջին տարիներին նկատվում է նաև մասնագիտության նկատմամբ հետաքրքրության աճ․ ուսանողների թվի զգալի ավելացումը վկայում է գեոդեզիայի ոլորտի պահանջարկի բարձրացման մասին։