Այս քառօրյան, որ վերածվեց մեկ օրյայի, ըստ էության, հերթական անգամ բացահայտեց ի լուր բոլորի, թե ինչպես է քաղաքական մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ալեն Սիմոնյանի և այլ առաջատար ՔՊ-ականների ակտիվ մասնակցությամբ ուրանում Արցախը, ուրանում Արցախի ժողովրդի իրավունքները: Այս մասին ԱԺ բրիֆինգներին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Մինասյանն ասաց, որ երբ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց արցախցիների հարցով քննիչ հանձնաժողովի կազմի հաստատմանը, ցույց տվեցին, որ ապրումակցման որևէ նշույլ անգամ չկա նրանց մտադրությունների մեջ:
«Այնուամենայնիվ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, նախագահն Արթուր Խաչատրյանն է, թեև չկա հանձնաժողով՝ կոլեգիալ մարմին, բայց որպես հանձնաժողովի նախագահ պարոն Խաչատրյանն իրականացնելու է իր գործառույթները, բնականաբար, մեր ողջ խմբակցության աջակցությամբ»,- ասաց նա:
Պատգամավորը դիմեց արցախահայերին, որ անպայման ներգրավվեն այս աշխատանքների մեջ, ապա հրավիրեց Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմնի գործընկերներին այն հանդիպումներին, որոնք տեղի կունենան սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մասով:
«Մենք կկարողանանք բոլոր այդ հարցերը բարձրաձայնել, ներկայացնել թե՛ օրենսդրական պահանջներ, թե՛ դատական հայցեր և թե՛ հարցապնդումներ: Այսնիքն, կփորձենք նպաստել, որ այս հարցերը լուծվի ի հեճուկս քաղաքական մեծամասնության՝ հակաարցախյան, հակահայկական, հակապետական վարքագծի»,- նշեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ երեկ քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմության՝ բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին:
Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմնական նպատակն Արցախի ժողովրդի կենսագործունեության ապահովման պայմանների ուսումնասիրությունն է, կարիքների գնահատման համակարգի վերլուծությունը և իրականացվող ծրագրերի միջև անհամապատասխանության փաստերի արձանագրումն ու լուծումների առաջարկը։