Բժիշկների աշխատավարձերը չեն սահմանվում նախարարի հրամանով, դրանք սահմանվում են գործատու-աշխատող հարաբերություններով։ Այս մասին, այսօր, հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով նրան, որ բժիշկները բարձրաձայում են պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հետևանքով իրենց աշխատավարձերի նվազման մասին։
Ավանեսյանը նշեց, որ ապահովագրության շրջանակում պետությունը բուժհաստատությանը ներկայացնում է ծառայությունների ձեռքբերման գների վերաբերյալ իր առաջարկը, և բժշկական կենտրոնը պայմանագրով, ակցեպտով, այսինքն համաձայնությամբ ընդունում է այդ պայմանները և քաղաքացիներին տրամադրում է այդ ծառայությունները։
«Մենք պայմանագրի առարկա հանդիսացող ծառայության գնի մեջ որևէ մեկի աշխատավարձ չենք ֆիքսում։ Բայց մենք ասում ենք, որ մեր գնի հաշվարկի մեջ առնվազն այսքանը բժշկական կենտրոնը պիտի նախատեսի բուժանձնակազմի փոխհատուցման համար», - ասաց նախարարը, հավելելով, որ նախկինում, պետպատվերի շրջանակում բժշկական կենտրոնները իրենց բժիշկներին վճարում էին այդ սահմանաչափից մի փոքր բարձր, կամ շատ բարձր։ Անդրադառնալով նրան, որ ըստ նոր չափորոշիչների վիրաբույժները կարող են քույրերից ու մայրապետներից ավելի քիչ գումար ստանալ, նախարարը նշեց, որ բժշկական ծառայությունը տրամադրվում է հավաքական աշխատանքի շնորհիվ, և մաքրուհիները և բուժքույրերը ևս պիտի բավարար աշխատավարձ ստանան։
«Այո, մենք մտցրել ենք այդ պահանջը, որ առնվազն որոշակի չափով նրանք պիտի փոխհատուցվեն, և ես սա շատ կարևոր եմ համարում։ Մեզ նաև բժշկական կենտրոններն են այսպես դիմել, որ սա հնարավորություն կտա փոխհատուցման գնի շրջանակներում վերանայել բուժքույրերի և սանիտարների աշխատավարձերը, և մենք սրա հետ շատ հաշտ ենք։ Բժիշկներն էլ շարունակելու են վարձատրվել փոխհատուցման գնի շրջանակներում զբաղվածություն ապահովելու պարագայում», - ասաց Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ բժշկի վարձատությունը այս դեպքում կախված կլինի դեպքերի թվից, գրանցված արդյուոնքներից, պացիենտների գոհունակությունից և այլն։
Ըստ նախարարի՝ առաջին այս երկու ամսվա ընթացքում բժշկական կենտրոնները ունեն ներքին վերաբաշխման և ծառայությունների համամասնությունների փոփոխությունների խնդիր։ «Այս հարցը հիմա մենք աշխատանքային ձևաչափով թե՛ մասնավոր, թե՛ նաև պետական բժշկական կենտրոններում իրականացնում ենք։ Շուկան փոխվել է և ամեն բժշկական կենտրոն որոշակի ներքին վերահաշվարկների աշխատանք պիտի իրականացնի», - ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց, որ ոչ մի վիրահատող բժիշկ «չնչին» աշխատավարձ չի ստանում։ Իսկ այն պնդումների վերաբերյալ, թե վիրաբույժները պացիենտներից լրացուցիչ գումար են ուզում, պնդելով, որ պետությունը շատ քիչ փոխհատուցում է տալիս, նախարարը հորդորեց իրեն կոնկրետ դեպքեր ներկայացնել, և խոստացավ․ «Եթե փաստվի նման դեպք, ապա մենք ապահովագրության պայմանագրի շրջանակներում, տեսչական մարմինների գործունեության շրջանակներում շատ հստակ կերպով կարձագանքենք»։
Նախարարը նաև վստահեցրեց, որ այս համակարգի ներդրմամբ առաջնային օղակի բժիշկների աշխատավարձերը ոչ թե կնվազեն, այլ կավելանան։
«Եվ հենց ապահովագրության շրջանակներում ընտանեկան բժիշկներն ու թերապևտները հնարավորություն են ունենալու ոչ միայն պերկապիտայով ֆինանսավորումից փող ստանան, որը ֆիքսված պետությունը վճարում էր։ Ապահովագրության շրջանակներում, եթե թերապևտը դեպքը վարում է առաջնային օղակում և արդյունք է ստանում, այդ դեպքի համար նա վարձատրություն է ստանում։ Հիմա լավ չեմ հասկանում, ո՞նց կարող է, որ այն, ինչ ունեինք, մնացել է, մի բան էլ դրան ապահովագրվածների պերկապիտան ավելացել է, ավելացել է նաև դեպքով ֆինանսավորումը, ոնց պիտի հանգեցնի աշխատավարձի կրճատման, չի կարող հանգեցնել», - ասաց նա։



