
ԱՄՆ-ն և Չինաստանը կմրցեն արհեստական բանականության ոլորտում զարգացման գործում գերիշխանություն ստանալու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում՝ էներգետիկայի հարցերով գագաթնաժողովում ելույթ ունենալիս։
«Չինաստանը և այլ երկրներ փորձում են հասնել Ամերիկային արհեստական բանականության ոլորտում, և մենք թույլ չենք տա նրանց դա անել: Մենք ունենք հիանալի չիպեր, մենք ունենք ամեն ինչից լավագույնը: Եվ մենք կպայքարենք նրանց դեմ շատ բարեկամական ձևով», - խոստացել է ԱՄՆ նախագահը:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում «գլոբալ գերտերություն է և առաջ է Չինաստանից»։
Հունվարին Թրամփը OpenAI-ի ChatGPT արհեստական բանականության չաթբոտի մրցակից DeepSeek չինական նեյրոնային ցանցի վերջին տարբերակի թողարկումից հետո հայտարարել է, որ չինական չաթբոտի հաջողությունը պետք է խթան հանդիսանա արհեստական բանականության մոդելների ամերիկացի մշակողների համար։