
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմը, որը նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գնալով սրվում է։ Երկուշաբթի օրը՝ մարտի 10-ին, ուժի մեջ են մտել չինական նոր մաքսատուրքերն ԱՄՆ-ի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Ամերիկյան մի շարք գյուղատնտեսական ապրանքներ ենթարկվել են 10-15 տոկոս պատժիչ տուրքերի։ Դա արվել է ի պատասխան ԱՄՆ չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերի հերթական բարձրացման:
Փետրվարի սկզբից ԱՄՆ-ն արդեն կիրառում է 10 տոկոս մաքսատուրք չինական ապրանքների համար, իսկ անցած շաբաթ այն հասցվել է 20 տոկոսի։ Ի պատասխան՝ Չինաստանը հայտարարեց ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի նոր մաքսատուրքերի մասին։
Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ այժմ սահմանվող լրացուցիչ 15 տոկոս մաքսատուրքերը վերաբերում են ԱՄՆ-ից հավի, ցորենի, եգիպտացորենի և բամբակի ներմուծմանը: Սորգոյի, սոյայի, խոզի, տավարի, ձկան, մրգերի, բանջարեղենի և կաթնամթերքի վրա 10 տոկոս տուրք է սահմանվել։
Մինչև մարտի 10-ը առաքված և մինչև ապրիլի 12-ը Չինաստան ժամանած ապրանքները չեն ենթարկվում նոր մաքսային կանոնակարգերի։