
Պեկինը պատրաստակամություն է հայտնում համագործակցելու Վաշինգտոնի հետ՝ հիմնվելով հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի տնօրենների խորհրդի գործադիր փոխնախագահ Էվան Գրինբերգի հետ հանդիպմանը։
«Չինաստանը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ վերացնելու միմյանց հիմնավորված մտահոգությունները», - ասել է Վան Ին, որի խոսքը հրապարակել է Չինաստանի ԱԳՆ-ն։
Նախարարի գնահատմամբ՝ չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են զարգացման նշանակալից փուլում։
«Երկու կողմերն էլ պետք է առաջնորդվեն երկու պետությունների ղեկավարների կարևոր փոխհամաձայնությամբ և տեսլականով, ամրապնդեն փոխանակումները, բարելավեն փոխըմբռնումը, խուսափեն թյուր դատողություններից և կարգավորեն տարաձայնությունները», - ասել է ԱԳՆ ղեկավարը։
Նրա խոսքով՝ Չինաստանը և ԱՄՆ-ն ունեն ընդարձակ շահեր և համագործակցության լայնարձակ տարածություն, ունակ են հասնելու հաջողության և օգուտ բերելու աշխարհին։
Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեն հիմնադրվել է ԱՄՆ-ում 1966 թվականին «Չինաստանին հետևող դիտորդների» խմբի կողմից, որոնք ներկայացնում են քաղաքացիական, կրոնական և գործարար շրջանակները: Այդ ոչ առևտրային կրթական կազմակերպության նպատակն է բարելավելու ըմբռնումը երկու երկրների քաղաքացիների միջև:
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները լարվել են Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի վերադառնալուց հետո: ԱՄՆ նախագահը որոշել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը 10%-ից հասցնել 20%-ի։ Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել էներգապաշարների, որոշ տեսակի ավտոմեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի և Միացյալ Նահանգներից այլ արտադրանքի համար: