Չինաստանի բնական պաշարների նախարարությունը հայտարարել է վերջին հինգ տարիների ընթացքում երկրի տարածքում 225 նոր նավթային և գազային հանքավայրերի հայտնաբերման մասին։ Այս հայտնագործությունը կարող է էական նշանակություն ունենալ համաշխարհային էներգետիկ ճգնաժամի և գների կտրուկ աճի պայմաններում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հայտնաբերված վայրերից 13-ը խոշոր նավթային հանքավայրեր են (յուրաքանչյուրն ավելի քան 100 միլիոն տոննա պաշարով), իսկ 26-ը՝ գազի հսկայական պաշարներով հանքավայրեր (ավելի քան 100 միլիարդ խորանարդ մետր)։ Պեկինն արդեն իսկ ներդրել է շուրջ 66 միլիարդ դոլար՝ երկրի էներգետիկ պաշարները վերջին տասնամյակի համեմատ գրեթե կրկնապատկելու նպատակով։
Այս քայլը հատկապես արդիական է Հորմուզի նեղուցի փաստացի փակման ֆոնին, ինչը հանգեցրել է համաշխարհային էներգետիկ դեֆիցիտի։
Թեև Չինաստանը նավթի խոշորագույն ներկրողն է և իր սպառման մոտ 10%-ը ստանում է Իրանից, երկրի առաջնորդ Սի Ծինփինի վարած «էներգետիկ ինքնաբավության» քաղաքականությունը թույլ է տալիս Պեկինին ավելի լավ դիմակայել արտաքին ցնցումներին, քան շատ այլ առաջատար տնտեսությունների։
Չինաստանի իշխանությունները վստահեցրել են, որ կշարունակեն վճռականորեն պաշտպանել երկրի էներգետիկ անվտանգությունը և ընդլայնել որոնողական աշխատանքները։



