Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռն...

Ուրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջորդ օրը ափամերձ քաղաքից մեկնել է երկրորդ ինքնաթիռը։ Երկուշաբթի ևս մեկն է մեկնել, այս անգամ Շանհայից. այսինքն՝ երեք չվերթ երեք օրում։ Չինաստանից ուղարկվում են տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք, Իրանին մոտենալիս, անհետանում են ռադարներից, գրում է բրիտանական The Telegraph թերթը։

«Տվյալները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր թռիչքի ժամանակ ինքնաթիռը թռչում էր դեպի արևմուտք՝ Հյուսիսային Չինաստանի վրայով, անցնում Ղազախստանով, ապա հարավ՝ Ուզբեկստանով և Թուրքմենստանով, ապա անհետանում ռադարներից՝ Իրանին մոտենալիս», - ասվում է հոդվածում։

Հրատարակության տվյալներով՝ թռիչքների պլաններում ամեն անգամ Լյուքսեմբուրգը նշված էր որպես վերջնական նպատակակետ, սակայն ինքնաթիռները, ըստ երևույթին, երբեք չեն հասել Եվրոպա։

«Այս բեռնափոխադրումները, անկասկած, մեծ հետաքրքրություն կառաջացնեն, քանի որ կան սպասումներ, որ Չինաստանը կարող է ինչ-որ կերպ օգնել Իրանին Իսրայելի հետ հակամարտության», - թերթին ասել է Էքսետերի համալսարանի դասախոս Անդրեա Ղիզելլին։

Նախօրեին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել էր, որ Պեկինը խորապես մտահոգված է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ հանգեցրել են Մերձավոր Արևելքում լարվածության կտրուկ աճի։

Նրա խոսքով՝ ռազմական հակամարտությունը չի կարող լինել խնդրի լուծումը, իսկ տարածաշրջանային իրավիճակի սրումը չի համապատասխանում միջազգային հանրության ընդհանուր շահերին։