Անկախ քաղաքական իրադրությունից՝ Չինաստանը կշարունակի աջակցել Վենեսուելային ինքնիշխանության պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման հարցում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Չինաստանն այսուհետ էլ հաստատակամորեն կաջակցի Վենեսուելային նրա ինքնիշխանության, օրինական իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման հարցում», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Դիվանագետը հավելել է, որ «անկախ Վենեսուելայում քաղաքական իրավիճակից՝ Չինաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը տարբեր բնագավառներում և խթանելու երկկողմ զարգացումը, կմնա անփոփոխ»:
Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։
Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է զոհվել։



