Չինաստանի հատուկ ներկայացուցիչն Ուկրաինայում...

 Եվրասիայի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյն Ուկրաինայում երկօրյա այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես հայտնում է CGTN պարբերականը, այս տեղեկությունը հաստատել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Կողմերը տեսակետներ են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման և Չինաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ», - նշվում է հրապարակման մեջ:

Լի Հուեյը Ռուսաստանում Չինաստանի դեսպանն է եղել 2009-2019 թթ.-ին: Նա Չինաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելել է Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր:

Լի Հուեյն իր եվրոպական այցի շրջանակներում կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան:

Չինաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյան վերահաստատել է, որ Պեկինը ցանկանում է հանդես գալ որպես հաշտության միջնորդ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի կարգավորման համար:

«Ճգնաժամի հանգուցալուծման համար համադարման գոյություն չունի: Բոլոր կողմերը պետք է սկսեն իրենցից, փոխադարձ վստահություն կուտակեն և պայմաններ ստեղծեն պատերազմը դադարեցնելու և խաղաղության շուրջ բանակցություններում ներգրավվելու համար», - մեջբերում է CNN-ը հատված Չինաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունից: