
Պեկինը ողջունում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել նախօրեին։
«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք տանում են դեպի հրադադար, և մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ քայլ է խաղաղության հասնելու համար»,- ասել է Մաո Նինգը՝ նշելով, որ Չինաստանը հակամարտության հենց սկզբից հանդես է եկել երկխոսության և բանակցությունների միջոցով ճգնաժամի լուծման օգտին (մեջբերում է ՏԱՍՍ-ը):
Մարտի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև։ Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտների վրա հարձակումից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին և համապատասխան հրաման տվել զինվորականներին։ Նա նաև երաշխավորել է Կուրսկի մարզում հանձնված ուկրաինացի զինվորականներին «կյանք և արժանապատիվ վերաբերմունք՝ համաձայն ռուսական օրենքների և միջազգային իրավունքի»։