Չի քննարվկել ԹՐԻՓՓ նախագծին Թուրքիայի և Ռուսա...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեն քննարկել ԹՐԻՓՓ նախագծին Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավումը:

Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«ԹՐԻՓՓ-ն ինչպես կար, այնպես էլ այս պահին կա՝ որպես ՀՀ-ԱՄՆ համատեղ բիզնես գործունեություն: Եթե ավելի լայն ապաշրջափակման համատեքստում դիտարկենք, իհարկե, ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործարկմամբ այդ ենթադրյալ Ասիա-ԵՄ մեծ լոգիստիկ նոր անցումը չի ապահովվի, Հայաստանի ամբողջական ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի: Գիտեք՝ Թուրքիայի հետ խոսակցությունը վաղուց կա այս ուղղությամբ, բավականին կառուցողական խոսակցություն կա, և ես կարծում եմ՝ մոտ ապագայում արդեն շոշափելի քայլեր կունենանք: Բայց, իհարկե, բոլորիս ընկալումն այն է, որ բեռները, մարդիկ Ասիայից կարող են գալ Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք, Նախիջևան, կրկին Երասխով Հայաստան, և, եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությամբ: Հետևաբար, տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման և տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ ԹՐԻՓՓ-ի մասով»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը հավելեց՝ Ռուսաստանի Դաշնությունը ևս չի լինի ԹՐԻՓՓ-ի մաս, բայց Հայաստանը նպատակ չունի այս քայլով դուրս թողնել Ռուսաստանին:

«Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում: ԹՐԻՓՓ-ում՝ ոչ, բայց ԹՐԻՓՓ-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է ստեղծվել նաև Ռուսաստանի Դաշնության համար»,- նշեց նախարարը:

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։

Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ: