Չի կարող լինել հայատյացություն և ենթադրությու...

Արցախում` լրագրողների հետ ճեպազրույցում, Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով արցախյան բանակցություններին, հայտարարել է. 

«Մենք ունենք երեք հիմնարար ուղղություն մեր մոտեցման մեջ` բանակցությունների բովանդակային մասը, միջավայրը, որի մեջ տեղի է ունենում այս գործընթացը, և Լեռնային Ղարաբաղի` որպես այս գործընթացի սուբյեկտի լիարժեք ներգրավվածության, մասնակցության հարցը: Եվ այս բոլորը միասին փոխկապակցված են: Մենք ունենք մեր հստակ մոտեցումները և շատ հստակ ձևավորված մեր դիրքորոշումները յուրաքանչյուր հարցով»:

Ըստ ԱԳ նախարարի` խաղաղ կարգավորման գործընթացում արդյունավետ առաջընթացը բարդացվում է, երբ չունենք լիարժեք մասնակցության հարց, երբ չկա այս գործընթացի հանդեպ Լեռնային Ղարաբաղի մոտ սեփականության զգացումը:

«Երկրորդը, ինչ վերաբերում է միջավայրին,  մեզ համար չափազանց էական է հասկանալ, որ չի կարող լինել իրավիճակ, ինչպես որ առաջարկվում էր, այսպես ասած, մյուս կողմից, ենթադրել, որ հնարավոր է մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով՝ բանակցել: Մենք դրան չենք հավատում: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմերը՝ Հայաստանն ու Արցախը, ունեն արդյունավետ պաշտպանվելու բավարար ներուժ, և սպառնալիքի լեզուն, սպառնալիքը չեն աշխատելու: Չի կարող լինել նման բան: Եվ այդ առումով ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուժեղացումը մնում է չափազանց էական գործոն: Նույնը վերաբերում է այն միջավայրին, որի մեջ այս գործընթացը տեղի է ունենում, այդ թվում՝ մարդկային շփումների կոնտեքստում: Չի կարող լինել ատելություն, չի կարող լինել ատելության հռետորաբանություն, հայատյացություն և ենթադրություն, որ այդ ֆոնին հնարավոր է արդյունավետ շարժվել առաջ խաղաղ գործընթացում:

Վերջապես բովանդակության հարցը` մենք հստակ ձևավորել ենք մեր մոտեցումը: Մեզ համար հարցը վերաբերում է Արցախի մարդկանց, կոնկրետ 150 հազար մարդկանց  էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության հարցին: Սա չենք կարող որևէ այլ կերպ դիտարկել: