Ադրբեջանկան կողմից շատ բան է կախված. Չի կարելի կրակել եւ հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք եւ ասել՝ գիտեք ինչ, ես հայկական ռեւանշիզմից վախենում եմ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե իրենք պատերազմ չեն ուզում, սակայն վախենում են Հայաստանի ռեւանշիզմից, դրա համար երաշխիք են պահանջում:
«Այդ երաշխիքը ինքը պետք է առաջինը փնտրի իր մեջ, իր քաղաքականության մեջ: Չի կարելի չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին եւ ասել՝ ես ռեւանշիզմից վախենում եմ: Չի կարելի տարբեր տեղերում աղմուկ բարձրացնել Հայաստանի կողմից գնվող զինատեսակների հարցում, որոնք պաշտպանողական են եւ եթե համեմատենք Ադրբեջանի հետ, իրենք միայն ատոմային ռումբ չունեն, եւ ասել՝ մենք ռեւանշիզմից վախենում ենք: Ռեւանշիզմից վախենում ես, նորմալ հարաբերություններ հաստատի քո անմիջական հարեւանների հետ»,-ասաց ԱԺ նախագահը: