Պետական սահմանի մասին 5-րդ օրենքի համաձայն պետական սահմանի տեղորոշումը և փոփոխությունը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով: Այս մասին ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցի վերաբերյալ Մհեր Գրիգորյանի կողմից զեկուցման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Ըստ հայտարարությունների՝ արդեն տեղորոշված է 12 կմ միջպետական սահման, ի՞նչ իրավունքով է դա արվել, ո՞ր միջազգային պայմանագրերով և Հայաստանի ո՞ր օրենքով: Երկրորդ հարցս հետևյալն է՝ սահմանազատման հանձնաժողովը ի՞նչ իրավունքով է իրականացրել սահմանադրությամբ իրեն չվերապահված հանրային, իշխանական լիազորություններ, օրինակ պետական սահմանի մաս կազմող արձանագրությունը, որը պետք է ընդունի ձեր հանձնաժողովը: Երրորդ հարցս այն է, թե ինչու է պարտադիր համարվել ԱԺ-ի կողմից վավերացումը, այն ըստ կանոնակարգի պարտադիր չէ: Եվ ամենակարևոր հարցը՝ երկու համաձայնագրերն էլ ուժ կստանան, երբ երկու կողմերն անցնեն իրենց ներպետական ընթացակարգերը:
Ինչու է Հայաստանը որոշել առաջանցիկ դա կատարել, երբ հայտնի չէ Ադրբեջանը կվավերացնի, թե ոչ, որտեղ է երաշխիքը, որ մեր վավերացումը բացառելու է Ադրբեջանի կողմից չվավերացումը ու մեզ համար անընդունելի պայմաններով վավերացումը»,- ասաց նա:
Արձագանքելով՝ Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե մենք ստորագրել ենք կանոնակարգը, որևէ պատրվակով այն չվավերացնելը կողմերի կողմից բացատրություն չի ունենա:
Բայց այնուամենայիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլը, որ կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ մենք փոխանակվենք բնօրինակներով: Եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա և պրոցեսը կընդհատվի:
Եվ հետևաբար մենք չենք ունենա մի իրավիճակ, երբ վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ մյուս կողմից չունենանք վավերացում: Ես չեմ հասկանում ինչու պետք է չվավերացվի Ադրբեջանում այս կանոնակարգը, որովհեև եթե նման ցանկություն չլիներ, ապա ինքը ուղղակի չէր ստորագրվի: Ինչ վերաբերվում է իրավական հիմքերին, այստեղ պետք է հաշվի առնենք պետության ինստիտուտների գնահատականները: Ես չեմ կիսում այն գնահատականը, թե ինչ-որ գործողություններ անօրինական են եղել: Ես կարծում եմ, որ ՀՀ-ն ունի սահմաններ ու դրանք պետք է տեղորոշել: Սահմանների փոփոխություն ըստ էության տեղի չի ունեցել, Տավուշում իրականացվել է 12 կմ սահմանագծի վերականգնում ու այն, ինչ վերականգնվել է մեր օրինական սահմանն է»: