Չեմ համարում, որ պայքարը ձախողվեց, իմ և «Դիմա...

Չեմ համարում, որ պայքարը ձախողվեց, այն այս փուլում չհաջողվեց, բայց պայքարը շարունակելու ենք և հասնելու ենք մեր նպատակին անպայման։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը․

Մարդիկ լսելու և լսվելու կարիք ունեն, մարդկանց հետ պետք է լինել ազնիվ, բաց և թափանցիկ։ ԱԺ-ն այլևս այն վայրը չէ, որտեղ պետք է գործունեություն ծավալենք, դա չի նշանակում, որ իմ մյուս գործընկերները սխալվում են, միգուցե ես եմ սխալվում։ Ժողովուրդը մեզ տվել է մանդատ այս իշխանություններին վռնդելու համար։ Ինձ չի տվել իմ ընտրողը մանդատ, օրինակ՝ «Սնդիկի մասին» օրենքը քննարկելու։ Ինչքան էլ դա շատ կարևոր օրենք լինի, մենք մեր խորհրդարանում ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ ընդդիմադիր պատգամավորների հայտարարությունների համար նրանց զինվորական համազգեստով անվտանգության ծառայողներն ամբիոնից ուղղակի վերցնում ու դուրս են շպրտում։ Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են իրենց թվաքանակով իշխող խմբակցության պատգամավորները լկտի պահվածք ցուցաբերում մնացածի նկատմամաբ։ Մենք ականատես ենք եղել, որ իրենք որևէ կառուցողական աշխատանք չեն կարողանում տանել։ Ես գնամ պառլամենտում ի՞նչ անեմ»,-ասաց նա։

Արթուր Վանեցյանը նշեց, որ այս փուլում պատգամավորական մանդատն իր համար այն արդյունավետ գործիքը չէ, որը կարող է օգտագործել իրենց հիմնական նպատակին հասնելու համար։

Վանեցյանն ասաց, որ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցությունը մնալու է, պարզապես դրանում ներկայացված չեն լինելու «Հայրենիք» կուսակցության անդամները։ Նա նշել է, որ անկուսակցական պատգամավորներն ազատ են իրենց որոշումներում՝ կարող են մնալ խորհրդարանում կամ չմնալ։

«Իմ և «Դիմադրություն» շարժման օրակարգերը և նպատակը համընկնում են, ուղղակի դրան հասնելու ճանապարհներն են տարբեր։ Շարժումը ունեցել է որոշակի հաջողություններ և որոշակի բացթողումներ, դրա համար դեռ չի հասել նպատակին։ Շարժումը կանխել է հնարավոր կապիտուլյացիոն փաստաթղթերը, ցույց է տվել, որ Փաշինյանը չի կարող գնալ միակողմանի զիջումների ու երկրորդ կապիտուլյացիայի։ Սա համազգային շարժում է՝ ղարաբաղյան շարժման նման»,-հայտարարեց Վանեցյանը։