Մենք մանրամասն տեղեկություն ենք հրապարակել, թե ինչով ենք զբաղվել Դոնբասում և ինչու ենք գնացել: Այցը եղել է տեղի հայ համայնքի հրավերով: Քանի որ դա ռազմական գոտի է, շատ նորմալ է, որ մենք տեղեկանանք՝ մեր հայրենակիցներն ինչ վիճակում են: Դա պետք է պետությունը աներ, փոխարենը մենք ենք արել: Այս մասին հրատապ ասուլիսի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը:
«Մենք հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ, այնտեղի խորհրդարանի անդամների հետ: Այցը եղել է հրապարակային իմ ֆեյսբուքյան էջում և լրատվամիջոցներում: Միջազգային մամուլում 200 միլիոնից ավելի դիտում է ապահովել: Մենք որևէ այլ դաշտ չենք մտել այնտեղ, այցը եղել է հումանիտար:
Ինչ վերաբերում է Զելենսկու հետ կապված պատմությանը, ապա ասեմ՝ մենք տեղեկություններ ունենք, շշուկներ են հասնում, որ Հայաստանի դեմ իրականացվող այսպես կոչված հիբրիդային պատերազմի շրջանակում, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին, նրանք հրահանգել են իրենց ենթակայության տակ գտնվող երկրներին, որ այդտեղի հայերը, տվյալ դեպքում՝ Ուկրաինայի հայերը, որոնք ինչ-որ առումով նաև կախվածություն ունեն, գան և ընտրությունների ժամանակ սատարեն Նիկոլ Փաշինյանին։
Մենք տեղեկություններ ունենք, որ հսկայական գումարներ են պտտվում, բերնեբերան մակարդակով տարածվող տեղեկություններ են, բայց այդ ամենը գին ունի և ես չեմ բացառում, որ Ուկրաինային և Զելենսկուն ուզեցել են ժեստ անել, որ տեսեք՝ մենք, ովքեր Դոնբաս են եկել, այդ ղեկավարի դեմ այսպիսի գործողություններ ենք իրականացնում: Այս ամենը հնարավոր է, մանավանդ, որ Ուկրաինայում, մեր այցից հետո, իմ դեմ կոնկրետ հետախուզում է հայտարարված և չի բացառվում, որ ուղղակի ժեստ են արել»,-նշել է նա։



