Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց Կենտրոն վարչական շրջանի համատիրության աշխատանքներից.
«Ես ապրում եմ Երևանի ամենա-ամենա-ամենակենտրոնում՝ Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ» սրճարանի դիմաց, որտեղ համատիրությունը չի աշխատում, չի կատարում իր պարտականությունը։ Այսինքն՝ նայում ես օրենքը, որի համաձայն, 3 ամիսը մեկ բնակչության հետ պետք է անցկացվեն ժողովներ, բայց նման բան չկա։ Մեծ առումով որևէ ծառայություն չի մատուցվում», - այսօր խորհրդարանում իր ելույթում հայտարարեց Զոհրաբյանը։
Պատգամավորն իր դժգոհությունը համատիրությունների հետ կապված արտահայտեց՝ դիմելով ԱԺ դահլիճում ներկա ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
Զոհրաբյանը ընդգծեց, որ ինքը պարտաճանաչ հարկատու է, վճարում է սահմանված բոլոր հարկերը, բայց դրա դիմաց որևէ գործառույթ համատիրությունը չի կատարում։
«Ես հասկանում եմ, որ համատիրությունները հիմա սրբազան պատերազմ կհայտարարեն իմ դեմ և կասեն՝ ինչ է եղել, մարդիկ մի 50-60 հազար դրամ աշխատավարձ են ստանում, դա էլ եք ուզո՞ւմ փակել։ Չէ, չենք ուզում փակել։ Պարզապես ուզում ենք, որ եթե մենք՝ պարտաճանաչ հարկատուներս վճարում ենք, կատարում ենք մեր պարտականությունները, դրա դիմաց ստանանք առնվազն միջինացված ծառայություն։ Ես չեմ ասում համատիրությունների ցեղասպանություն անենք, բայց առաջարկում եմ համատիրությունների մոտեցումները, կոնցեպտը փոխենք», -հայտարարեց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ինքը կարող է համապատասխան օրենքի նախագիծ մշակել։



