Սպորտի միջազգային խորհրդի զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության հետ կապված ես լրահոսում սկսեցի տեսնել տարօրինակ վերնագրեր, որ մեր հայտնի մարզիկներ զորակոչվում են բանակ. սա ինձ տարօրինակ թվաց, որովհետև անհասկանալի էր, թե ինչ է տեղի ունենում, և հետո պարզվեց, որ հիմնական խնդիրը այդ մարզիկների բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն էր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անկեղծ ասած, ես այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա ՀՀ բանակի նկատմամբ, և այս առաջնության նկատմամբ: Մենք քննարկելով եկանք այն եզրակացության, որ սա պետության ռեպուտացիայի հարց է նաև, որովհետև ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ ՀՀ կառավարությունը, որը ինքը այսպես ասած արդարության և ֆեյքազերծման ջատագով է, կարող է հայտնվել սխալ իրավիճակներում, որովհետև սա առաջնություն է ոչ թե մարզիկների, որոնք բանակ են գնում մրցման մասնակցելու համար: Սա առաջնություն է մարզիկների, որոնք ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում։
Հիմա հարցը հետևյալն է. Մենք ինչպե՞ս կարող ենք բանակը դարձնել ընդամենը մրցման մասնակցելու գործիք:
Մենք մեր հարգելի մարզիկները մեկ, երկու, երեք անգամ տարկետում են ստացել բանակի ծառայելուց: Այսինքն, եթե կա բանակում սովորական ծառայելու խնդիր, մենք օրենքով սահմանված կարգով պարկետում ենք տալիս նրանց, բայց եթե կա մրցման խնդիր, մենք նրանց զորակոչում ենք բանակ: Այստեղ դիսոնանս է առաջանում, և մեր քաղաքական ընդհանուր մոտեցումն այն էր, որ մեր հավաքականը ճշգրիտ պետք է համապատասխանի միջազգային այս կազմակերպությանը, կանոնադրությանը և տառին և ոգուն համապատասխանող տրամաբանությանը»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նկատեց, որ արդյունքում պարզվեց, որ մեր բանակում կան մարզիկներ, որոնք կարող են համաշխարհային հարթակում բարձր տեղեր զբաղեցնել. «Եթե մենք չգնայինք այս տրամաբանությամբ, նաև այս մարզիկներից շատերի մասին մենք չէինք էլ իմանա, քանի որ կստացվեր, որ բոլոր հնարավոր տեղերում նույն անունները մենք ձևակերպում ենք և նույն մարդկանց ենք հնարավորություն տալիս։
Մենք չենք կարող թույլ տալ, որ կառավարությունը ներգրավված լինի որևէ ֆեյք գործընթացի մեջ։ Եվ այդ որոշումը այս տրամաբանությամբ արդարացվեց, բայց եթե նույնիսկ չարդարացվեր, այսինքն ոչ մի մեդալ մենք չնվաճեինք, միևնույն է, դա ճիշտ մոտեցում է դա է պետական մոտեցումը»,- ընդգծեց նա: