Չաշխատող մարդուն մենք ինչի՞ ենք փող տալիս, մե...

Այսօր ՀՀ-ում կա 754 հազար չաշխատող թոշակառու եւ նպաստառու. Էս մարդկանց մենք որտեղի՞ց ենք թոշակ տալիս, աշխատող մարդկանց շնորհիվ, իսկ ՀՀ-ում կա ընդամենը 768 հազար աշխատող մարդ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման շրջանակներում իր ամփոփիչ խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ե՞րբ մեր երկրում թոշակը կլինի այնքան, որ չնեղվենք, որ մենք նորմալ թոշակ ենք տալիս մարդկանց: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից լինի 60-70-80-100-300 տոկոսով ավելի: Իսկ մենք աշխատանքը մեր երկրում չենք խրախուսում: Անընդհատ հիմնավորում ենք ման գալիս, թե ինչու մարդը չպետք է աշխատի. Դե աշխատավարձը ցածր է մի քիչ, մի քիչ եղանակը լավը չի եւ այլն:

Նայում ես՝ գյուղամեջում լիքը մարդ, շինհրապարակներում՝ դատարկություն: Որովհետեւ մենք հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս: Ասում ենք՝ եղբայր, դու աշխատունակ ես, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարկերը կկարգավորենք: Սա ապապետական մոտեցում է: Չաշխատող մարդուն, որ սկզբունքորեն չի աշխատում,  մենք ինչի՞ ենք փող տալիս, մեկը կարո՞ղ է ինձ բացատրել: Տալիս ենք, որովհետեւ դա ապապետական սոցիալ հոգեբանության արձանագրում է: Դրա արմատներն էլ են ընտրությունների մեջ: Հիմա զգույշ փորձում ենք դա փոխել, զգույշ որովհետեւ մտածում ենք, որ կառավարությանը նաեւ իշխող մեծամասնության քննադատությունից էլ է վախենում: Դրա համար պետք է քաղաքական աջակցություն, ո՞վ է վերցնելու այդ պատասխանատվությունը: Մենք պետք է դա վերցնենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: