Արմեն Չարչյանին մեղադրում են իբրև հոգևորականների հետ կապակցված ընկերություններից թանկ գնով պարագաներ գնելու մեջ: Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Գործի փաստական հանգամանքները վերաբերում են Իզմիրլյան ԲԿ-ի՝ 2015-2025թթ.-ին, իր կարիքների համար ձեռք բերած բժշկական պարագաների ու ապրանքների՝ իբրև Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու հետ կապակցված հոգևորականների ընկերություններից ավելի բարձր գնով գնելու հետ: Նշում են, որ իբրև ուներ հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերելու անմիջապես ներմուծող-արտադրող ընկերությունից, բայց գնել է բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերությունններից՝ դրանով առաջացնելով նրանց համար մեծ շահույթներ, այդ թվում դրանով խուսափել են խոշոր չափերի հարկերից ու գործարքներ կատարելով լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները:
Իզմիրլյան ԲԿ-ն՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պատկանում է ու գտնվում է Մայր Աթոռի հսկողության տակ: Բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ առկա չեն, թվաբանական ցուցանիշի մասին չեմ կարող ասել:
Արմեն Չարչյանի նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու ու փողերի լվացման համար: Քրեական վարույթը նախաձեռնելուց հետո 4 ամիս անց որոշել են համապատասխան խուզարկություններ կատարել:
Հանրությանը ուզում եմ նաև հայտնել, որ բացի որոշակի փաստաթղթերից, Արմեն Չարչյանի աշխատասենյակից վերցվել են նաև գումարներ: Խուզարկության որոշմամբ՝ առհասարակ նշում չկա, որ վարույթ իրականացնող մարմինը գումար վերցնելու իրավասություն ու հնարավորություն է ունեցել»,- նշել է նա:



