Վարչապետ Սանաե Տակաիչիի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել պետական բյուջեի նախագիծ, որը նախատեսում է Ճապոնիայի պատմության մեջ խոշորագույն հատկացումներ սոցիալական կարիքների և զինված ուժերի համար։ Դրա ծախսային մասը նույնպես ունի ռեկորդային չափ՝ 122,3 տրիլիոն իեն (մոտավորապես 795 միլիարդ դոլար)։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռազմական հատկացումները ենթադրվում է հասցնել Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ չտեսնված 8,9 տրիլիոն իենի (ավելի քան 57,4 միլիարդ դոլար)։ Նախորդ ֆինանսական տարում այդ հատկացումներն արդեն հասել էին երկրի համախառն ներքին արդյունքի 2%-ին, չնայած ավելի վաղ պլանավորվել էր այդ մակարդակին հասնել միայն 2028 թ. գարնանը։ Մասնավորապես, նախատեսվում է զինված ուժերը զինել մեծ հեռահարության հրթիռներով, որոնք ունակ են խոցելու թիրախներ մայրցամաքում, ինչպես նաև կատարել հինգերորդ սերնդի F-35 մարտական ինքնաթիռների նոր գնումներ։
Սոցիալական կարիքների համար հատկացումները կավելանան մինչև 39,6 տրիլիոն իեն (25,5 միլիարդ դոլար), ինչը կապված է մասնավորապես, 70 տարեկանից բարձր բնակչության աճող մասի բժշկական սպասարկման ծախսերի ավելացման հետ: Կառավարությունը մտադիր է նաև ընդլայնել դպրոցներում աշակերտների սննդի ֆինանսավորումը։
Մասնավոր բիզնեսի եկամուտների և աշխատավարձերի աճի պատճառով հարկային մուտքերն, ինչպես սպասվում է, կգերազանցեն Ճապոնիայի պատմության մեջ խոշորագույն գումարը՝ հասնելով 83,7 տրիլիոն իենի (540 միլիարդ դոլար): Բյուջետային ծախսերի մնացած մասը նախատեսվում է ֆինանսավորել պետական պարտատոմսերի թողարկման հաշվին: Միևնույն ժամանակ վարչապետ Տակաիչիի կառավարությունը խոստանում է աշխատել պետական պարտքի նվազեցման ուղղությամբ, որն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է երկրի ՀՆԱ-ի չափը



