
Ճապոնիան դեռևս ակնկալում է Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի պայմանների շուրջ համաձայնության գալ մինչև օգոստոսի 1-ը, երբ դրանք ուժի մեջ կմտնեն: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հատուկ կառավարական օպերատիվ խմբի նիստում։ Խումբը ստեղծվել է հատուկ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առևտրային քաղաքականության շուրջ առաջացած իրադրության քննարկման նպատակով:
Իսիբան ընդգծել է, որ օգոստոսի 1-ից Ճապոնիայի և Հարավային Կորեայի նկատմամբ 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին Թրամփի հայտարարությունը փաստորեն սահմանել է թեմայի շուրջ բանակցային գործընթացի վերջնաժամկետ:
«Մենք քննարկումը կանցկացնենք՝ ելնելով այս նոր վերջնաժամկետից՝ հասնելու այնպիսի համաձայնության, որը շահավետ կլինի թե Ճապոնիայի, թե ԱՄՆ-ի համար», - մեջբերում է վարչապետի խոսքը Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Միևնույն ժամանակ, Իսիբան ընդգծել է, որ իր վարչակազմն անհրաժեշտ ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Ճապոնիայի համար բացասական փոխզիջումներից:
Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմից ևս հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ կփորձեն մաքսատուրքերի շուրջ նոր համաձայնությունների հասնել մինչև օգոստոսի 1-ը։
Հուլիսի 7-ին Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի անվտանգության վարչության պետ Վի Սոն Լակի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև: Նրանք մանրամասն քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և բարձր մակարդակի փոխանակումների հետ կապված հարցեր:
Վի Սոն Լակը հայտարարել է, որ հարավկորեական կողմը հույս ունի շուտով անցկացնել երկկողմ գագաթնաժողով, որտեղ հնարավոր կլինի հասնել «փոխշահավետ արդյունքների բոլոր հրատապ հարցերի շուրջ»: