Նիկոլ Փաշինյանը չի կարող ընդդիմության վրա ճնշումներ գործադրել, որպեսզի սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար ստանա իրեն անհրաժեշտ ձայները․ այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է ոչ կոմպետենտ մարդկանց կառավարություն. «Նրանք պատկերացումներ չունեն երկրի հանրային կառավարման համակարգի վերաբերյալ։ Հիմա այդ պատկերացումները չունենալով՝ մտածում են ճնշումներ գործադրել, քանի որ մտածում են ու նաև իրենց մտածածն անում են, ստացվում է սահմանադրական կարգի տապալում, ստացվում է ապօրինությունների շղթա, ապօրինությունների դրսևորումները, այն է, որ այսօր խուզարկություն են իրականացնում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը։ Ընդ որում, դա առաջին խուզարկությունը չի, եթե հիշում եք՝ վերջերս նորից Նարեկ Կարապետյանի տանը… Ես չգիտեմ, կարող է՝ նախորդ խուզարկությունից բան են մոռացել… երևի եկել են ման գան, գտնեն իրենց եղած… Կամ Սամվել Կարապետյանը ինչքա՞ն ժամանակ է՝ իր տանը տնային կալանքի տակ է։ Սամվել Կարապետյանի տունը վերածվել է իր համար անազատության վայրի, այնտեղ ժամանակին իր ձերբակալության ժամանակ խուզարկություն չեն իրականացրել, բա այդ ի՞նչ են ման գալիս։ Ոչ միայն տներում, պարզվում է՝ նաև 60 հայտարարություն եղավ, նոր կարդացի՝ 60-ից ավելի օբյեկտներ են… Իրենք վախեր ունեն, իրենք գիտեն, թե ումից են վախենում, պատահական չի այդ ամեն ինչը»։ Նա այն կարծիքին է, որ իշխանությանը չի հաջողվելու ստվերել Սամվել Կարապետյանի հեղինակությունը, ավելին՝ այս ամենը նպաստելու է այդ հեղինակության բարձրացմանը, և շուտով գործընթացներ կզարգանան, որոնց ականատեսը կլինեն բոլորը։



