Չադում ստեղծվել է անցումային ռազմական խորհուրդ՝ նախագահ Իդրիս Դեբիի մահից հետո. խորհրդի նախագահ է նշանակվել նախկին ղեկավարի որդին` Մահամաթը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Al Wihda թերթին:
Խորհրդի նախագահությունը ստանձնել է գեներալ-լեյտենանտ Մահամաթ Իդրիս Դեբին: Զինվորականները շուտով պետք է ներկայացնեն «անցումային շրջանի կանոնադրությունը»:
Նախագահի մահվան կապակցությամբ Չադում երկշաբաթյա համազգային սուգ է հայտարարվել: Ողջ տարածքում պարետային ժամ է`18:00-ից 5:00-ն:
Բացի այդ, զինվորականները որոշում են կայացրել փակել երկրի ցամաքային և օդային սահմանները «մինչև նոր հայտարարություն»:
Բախումներում ստացած վնասվածքներից մահացած Չադի նախագահ Իդրիս Դեբին ուղևորվել էր ռազմաճակատ՝ տոնելու ապստամբների դեմ պայքարում տարած հաղթանակը և ղեկավարելու զինված ուժերի գործողությունները, գործակալությանը հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Դեբին ծանր վիրավորվել է երկրի հյուսիսային առաջնագծում բանակի ու ապստամբների բախումների հետևանքով, իսկ ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում:



