CCBE-ն կոչով դիմել է ՀՀ կառավարությանը

Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ CCBE-ն կոչով դիմել է ՀՀ կառավարությանը. «Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE)-ն անընդունելի է համարում ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների: Հետևաբար, մենք կոչ ենք անում ՀՀ իրավասու մարմիններին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը, այդ թվում՝ հարկային փոփոխություններին վերաբերող, նրանց մտահոգությունները լուծելու և անհրաժեշտության դեպքում վերանայումներ կատարելու համար:

Ի լրումն, CCBE-ն Հայաստանի կառավարությանը հորդորում է ստորագրել և վավերացնել «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Այդպիսով, Հայաստանը ցույց կտա իր անսասան հանձնառությունը իրավունքի գերակայությանը, իրավաբանական մասնագիտության պաշտպանությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին։ Նման քայլը նաև կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և կնպաստի բոլոր քաղաքացիների արդարադատության իրական և հավասար հասանելիության ապահովմանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ փաստաբանների պալատը դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին՝ ներկայացնելով հարկային փոփոխությունների բացասական ազդեցությունը անձանց իրավունքների պաշտպանության, անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորության, ինչպես նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության վրա»: