Ցանկացած ժամանակ կարող է բախում լինել. Սեյրան...

ՀՀ  ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, հավանական է համարում ցանկացած պահի բախումների սկսումը, այսինքն՝ ադրբեջանական կողմից ագրեսիան:

Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ հարցին:

«Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, նաև Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են նրա մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: Սա ասում եմ ոչ թե մեր ժողովրդին վախեցնելու, այլ նաև պատրաստակամության համար, որ ի վերջո պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,-ասաց Օհանյանը:

Հարցերին, թե որ ուղղությամբ կան կուտակումներ, ինչպիսի նպատակադրում ունի ադրբեջանական ԶՈՒ-ն, Օհանյանը նշեց, որ դրանց կարող է գնահատական տալ միայն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, իսկ դա իշխանությունն է:

«Տիրող  աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում է նրա մասին, որ ցանկացած ժամանակ բախում կարող է լինել»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս իրավիճակում հավանական համարո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Օհանյանը պատասխանեց, որ ցանկացած միջպետական պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից՝ հատկապես խորհրդարանական կառավարման երկրում:

«Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը: Խաղաղության գնում են այն պայմաններում,  երբ հակամարտող պետությունները պայմանավորվել են միմյանց հետ դառնալ հարևան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյոք այս իրավիճակում Ադրբեջանի գործողոթյունները խոսո՞ւմ են նրա մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ»,-հարցրեց Օհանյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի կողմից հնչող պարտադրանքների, ճնշումների, պատերազմով վախեցնելու գործողությունների մասին:

Նա ընդգծեց՝ ամեն դեպքում ինչ որոշում էլ լինի, դա պետք է խորհրդարանում հանրությանը  ներկայացվի, պետք է ԱԺ-ն հավանություն տա կամ ոչ: