«Ցանկացած պաշտոնյա պետք է պատրաստ լինի թողնել...

Հանրությունն է, որ պետք է գնահատի մեր աշխատանքի արդյունքները և այդ իմաստով պետական մարմնի ցանկացած աշխատող պետք է պատրաստ լինի թողնել այն պաշտոնը, որի պարագայում հանրային ակնկալիքը և ընդհանուր աշխատանքի գնահատականը բավարար չէ. դա շատ նորմալ պրակտիկա է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չունի՞, որ պաշտոնանկությունների շղթան կհասնի նաեւ իրեն:

Հարցին՝ իր կարծիքով ինչու պաշտոնից ազատվեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ով 7/24 ռեժիմով աշխատում էր բազմաթիվ ծրագրերի վրա եւ իրենից ոչ մի դժգոհություն չկար, Անդրեասյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ձեր հարցին շատ առարկայական ու բովանդակային պատասխանել, կարող եմ ընդամենը ասել, որ պարոն Սանոսյանի հետ համատեղ մեծ ծավալի աշխատանք է իրականացվել և շատ կարևորում եմ ՏԿԵ նախարարության աշխատանքը, որը կարծում եմ մեր մարզերում ցանկացած այցելության ժամանակ շատ տեսանելի է:

Ես չեմ այն անձը, ով որ պետք է գնահատեմ նրա աշխատանքի արդյունավետությունը, որովհետև իմ առնչությունը կոնկրետ թեմաներով և կոնկրետ ծրագրերի շրջանակներում է։ Մենք առնչվում ենք շատ բարդ խնդիրների, օրինակ, երբ որ վերցնում ենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը, պարզ է, որ այստեղ բազմաթիվ մարտահրավերներ կան, և այնպես չի, որ մենք ինքներս մեր աշխատանքի մեջ անընդհատ չենք վերլուծում, տեսնում խնդիրներ, հասկանում, թե ինչպես կարելի է այդ աշխատանքը ավելի արդյունավետ անել»:

ԿԳՄՍ նախարարը նկատեց, որ հնարավոր չէ գտնել որևէ պետական պաշտոնյա, որ ամբողջությամբ գոհ է իր կողմից արվող որևէ գործից. «Մենք միշտ ունենք ավելի լավ անելու խնդիր ու կարիք ու պետք է անընդհատ բարելավենք այդ գործը»: