
Բյուրականի աստղադիտարանում մայիսի 5-9-ը տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած XVII հայ-վրացական (Բյուրական-Աբասթուման) աստղագիտական կոլոքվիումը:
Կոլոքվիումը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Աբասթումանի աստղադիտարանի (AbAO) միջև երկարամյա համագործակցության շրջանակներում։
«Այն նվիրված է երկու հաստատությունների գիտական կապերի ամրապնդմանը և մի շարք արդի աստղաֆիզիկական թեմաների քննարկմանը»,- նշված է Բյուրականի աստղադիտարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կոլոքվիումի աշխատանքային լեզուներն են անգլերենը և ռուսերենը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հայ և վրացի աստղագետների գիտական համագործակցությունն ու բարեկամությունը ձևավորվել է դեռևս 1930-ական թվականներին՝ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի (1908-1996թթ․) և Աբասթումանի աստղադիտարանի հիմնադիր Եվգենի Խարաձեի (1907-2001թթ․) ջանքերով։ Իսկ համատեղ կոլոքվիումները, նույնպես նրանց նախաձեռնությամբ, սկսվել են 1974 թվականից և անցկացվում են փոխեփոխ՝ Բյուրականում և Աբասթումանում։
Այս կոլոքվիումը հերթական անգամ հարթակ է հանդիսանում հայ և վրացի աստղագետների միջև փորձի փոխանակման և գոյություն ունեցող կապերի ամրապնդման համար։
Կոլոքվիումի մասին մանրամասները կարող եք գտնել ստորև՝
https://www.bao.am/meetings/meetings/BAO-AbAOXVII/index.html