
Բուժաշխատողի օրը՝ հունիսի 21-ին, մեծ շուքով կնշվի Գյումրիում: «Շնորհակալություն, բժիշկ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումը նպատակ ունի արժևորելու բժշկի մասնագիտական նվիրումն ու համայնքային դերակատարումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ բարձր գնահատականի կարժանանան առողջապահության ոլորտի նվիրյալները։
Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը, միջոցառումների մեկնարկը կտրվի կայարանամերձ հրապարակից՝ երկաթուղով Գյումրի ժամանած հյուրերի դիմավորումից, որից հետո թատերական հրապարակում մշակութային և հանրային միջոցառումների շարք կանցկացվի։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է շրջայց Գյումրիի թանգարաններ, Աբովյան փողոցում կտեղադրվեն Գյումրիի արհեստներն և արվեստները ներկայացնող տաղավարներ։ Տոնական օրվա վերջում կենտրոնական հրապարակում կլինի գալա համերգ։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, նախարարության և «Հայաստանի բժշկական հաստատությունների միության» ներկայացուցիչներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին՝ քննարկելու հունիսի 21-ին Գյումրիում կայանալիք մասշտաբային միջոցառման կազմակերպչական, անվտանգային հարցերը։ «Վստահ եմ՝ հունիսի 21-ը Գյումրիում կդառնա իրական տոն, անչափ գնահատելի է, որ նախաձեռնության իրականացման վայր հենց մեր մարզկենտրոնն է ընտրվել, Գյումրին հյուրընկալ ու հյուրասեր քաղաք է, մնում է համագործակցված աշխատել տոնական օրը որևէ խնդիր չունենալու համար»,-հանդիպման ընթացքում նշել է Դավիթ Առուշանյանը։