Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ։
Այս մասին հայտնել է բուլղարական BTA գործակալությունը։
Նշվում է, որ Բուլղարիայի նախագահն ու Հայաստանի ԱԺ նախագահը համաձայնվել են, որ Բուլղարիան և Հայաստանն ունեն հրաշալի գործընկերություն, ակտիվ և կառուցողական երկխոսություն և երկկողմ տնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման ներուժ։
Ռումեն Ռադևն ընդգծել է Բուլղարիայի շահագրգռվածությունը Հայաստանի հետ առևտրի և ներդրումների խթանման հարցում, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի ընդլայնման կարևորությունը։ Այս համատեքստում Բուլղարիայի նախագանն ընդգծել է հայ-բուլղարական առևտրատնտեսական պալատի գործունեությունը, որը հավելյալ գործիքներ է ներկայացնում երկու երկրների բիզնես շրջանակների համագործակցության համար։
Կողմերը նաև ընդգծել են հայերի և բուլղարացիների բազմադարյա պատմական և մշակութային կապերը, որոնք ամուր հիմք են ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրերի միջոցով կրթության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։
Ռադևն ընդգծել է Բուլղարիայի մեծաթիվ հայկական համայնքի ակնառու ներդրումը երկկողմ կապերի զարգացման հարցում և ակտիվ մասնակցությունը Բուլղարիայի սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին։
«Բուլղարիան նաև կշարունակի աշխատել Հայաստանի և Եվրամիության գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարել է Բուլղարիայի նախագահը։
Կողմերը քննարկել են նաև ակտուալ հարցեր՝ կապված Հարավային Կովկասում ամուր խաղաղության, անվտանգության և կայունության հետ։